Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Makelong նշանակում է` ձին հաղթում է դրակոնին

Makelong նշանակում է` ձին հաղթում է դրակոնին
12.01.2018 | 10:05

Չինաստան այցի վերջին օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ Պեկինը Փարիզին պատվիրել է 184 A320 աերոբուս: Airbus ընկերությունը հաղորդել է Չինաստանի հետ ավիացիոն գործընկերության ընդլայնման հուշագրի ստորագրության մասին: Երկու երկրների ստորագրած առևտրական պայմանագրերի մեջ աերոբուսների գնումը չկար: «Դա վերջնականապես կմշակվի առաջիկայում, նախագահը հաստատեց պատվերը»,- բացատրել է Էմանուել Մակրոնը:


AFP-ն պատվերն անվանում է աննախադեպ: Չինական 13 ավիաընկերությունների համար նախատեսված 184 ինքնաթիռների մատակարարումը կկատարվի 2019-2020-ին` ճշտել են Ելիսեյան պալատից: Հաշվի առնելով ինքնաթիռների պաշտոնական գինը` պատվերը 18 միլիարդ եվրո կկազմի: Airbus ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել «հնարավոր պատվերը»: Ավիաչվերթերի աճող թվից ելնելով` Չինաստանը պարբերաբար ինքնաթիռներ է պատվիրում Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Վերջերս գնումների դինամիկան Boeing-ի օգտին էր դարձել` ընկերությունը 300 ինքնաթիռ էր վաճառել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին այցի ժամանակ:
Ֆրանսիան ու Չինաստանը Էմանուել Մակրոնի այցի ժամանակ միլիարդավոր եվրոների պայմանագրեր են կնքել: Փարիզը լրացնում է ՉԺՀ-ի հետ առևտրական հավասարակշռության դեֆիցիտը, որ հասել էր 30 միլիարդ եվրոյի: «Ֆրանսիան Չինաստանից ներմուծում էր 45 միլիարդ եվրոյի ապրանքներ: Իսկ արտահանում էր ընդամենը 15 միլիարդի: Այդ իրավիճակը մեզ չի բավարարում»,- հայտարարեց Էմանուել Մակրոնը Պեկինում` գործարար շրջանակների հանդիպմանը:


Ֆրանսիայի նախագահի եռօրյա պետական այցի ընթացքում ստորագրվել է 50-ից ավելի պայմանագիր, որոնցից մեկը Areva էներգետիկ հոլդինգի և Airbus ավիաընկերության միջև է: Areva-ն ծրագրում է 2018-ի առաջին եռամսյակում պայմանագիր ստորագրել Չինաստանում միջուկային վառելիքի վերամշակման առաջին գործարանի կառուցման մասին` 800 տոննա հզորությամբ: Գործարանը կկառուցվի Areva ընկերության Ֆրանսիայի Լա Հագ նեղուցում գործող գործարանի նմանությամբ: Գործարանի կառուցման բանակցությունները 10 տարի առաջ են սկսվել: Areva ընկերությունը գնային զիջումների գնաց: Ֆրանսիական կողմը ծրագրում է գործարանը շահագործման հանձնել արդեն այս տարի: Airbus ընկերությունը հաղորդել է, որ ավիացիոն արդյունաբերության ընդլայնման հուշագիր է ստորագրվել: Կողմերը ծրագրում են մեծացնել չինական Տյանցզինում ինքնաթիռների գործարանի հզորությունը: Ընկերությունը տարեկան 50 A320 աերոբուս է արտադրում: 2019-ից արտադրությունը ամսական 5 ինքնաթիռով կավելանա, 2020-ից` վեցով:
Բացի այս ընկերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ Չինաստան էին մեկնել և այլ ընկերություններ` BNP Paribas բանկային խմբի, Socie՛te՛ Ge՛ne՛rale-ի, Safran ավիատիեզերական խմբի, LVMH-ի և AccorHotels հյուրանոցային հոլդինգի ներկայացուցիչները: Ֆրանսիան ու Չինաստանը պայմանավորվել են Շանհայում Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի կենտրոն բացել` հունվարի 9-ին հայտարարեց Մակրոնը Պեկինուն: 2017-ի ամռանը չինական West Bund Group ընկերության հետ հուշագիր էր ստորագրվել` Շանհայում Պոմպիդուի կենտրոնի ցուցասրահ բացելու մասին, այն ժամանակ հայտարարվեց, որ կենտրոնը 5 տարով կբացվի West Bund թանգարանի տարածքում, շինարարությունը կավարտվի 2019-ին, կարևոր տեղ կհատկացվի չինական ժամանակակից արվեստին:

Պոմպիդուի կենտրոնը արվեստի միջազգային «էքսպանսիայի» ակտիվ քաղաքականություն է վարում` «ժամանակավոր» կենտրոն է գործում Իսպանիայի Մալագա քաղաքում 2015-ից, 2016-ին հայտարարվեց Սեուլում համանման նախագծի մասին, 2020-ից` Բրյուսելում: 1977-ին Փարիզում բացված կենտրոնում 120 000 արվեստի գործեր կան: 2017-ի նոյեմբերին Էմանուել Մակրոնը Լուվրի թանգարան բացեց Աբու Դաբիում` ֆրանսիական 13 թանգարաններ արվեստի գործեր ուղարկեցին ԱՄԷ` վարձավճարով: Լուվրը իր բրենդը 30 տարի ու վեց ամիս ժամանակով տրամադրեց Աբու Դաբիին` ստանալով` 400 միլիոն եվրո: Ֆրանսիայի նախագահի Չինաստան այցը ավարտվեց հունվարի 10-ին: Էմանուել Մակրոնը Սի Ցզինպինին նվիրեց հեծելազորի նժույգ: Ve՛suve de Brekka 8-ամյա մերինին Չինաստան հասցրին հունվարի 4-ին: Մակրոնը նվիրեց նաև թամբ ու սուսեր, որի վրա դրվագված է` «Պարոն Էմանուել Մակրոն` Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Պեկին, 2018, հունվար»: «2014-ին Ֆրանսիա այցի ժամանակ, Հաշմանդամների տնից Ելիսեյան պալատ ճանապարհին Սի Ցզինպինին ուղեկցում էին Հանրապետական գվարդիայի 104 հեծելազորայիններ: Նա հմայված էր այդ հրաշալի արվեստով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի խոսքով` դա միայն նվեր չէ, այլ դիվանագիտական ժեստ: Սիմվոլիկ է հնչում և Ֆրանսիայի նախագահի անվան թարգմանությունը չինարեն` Makelong-ը բառացի նշանակում է ձի, որ հաղթում է դրակոնին: Այդ ընծայով Ֆրանսիան պատասխանել է «պանդաների դիվանագիտությանը»: 2012-ին Պեկինը 10 տարով Փարիզին էր փոխանցել երկու պանդաների, որ արդեն ձագ են ունեցել: Պանդաներին վարձակալության տալը Չինաստանի համար բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ է:
RFI

Հ. Գ. Չմտածեք` ի՞նչ բարեկամություն, որ չինացիները ֆրանսիացիներին խորհրդանիշ պանդաներին 10 տարով ու վարձով են տալիս: Մակրոնի նվիրած Ve՛suve de Brekka-ն էլ արդեն 5 տարի ծառայել էր հեծելազորում ու բացի այդ` կռտած էր: Խորհրդանիշների արվեստը պակաս խորիմաստ չէ առևտրի արվեստից: Գուցե Ֆրանսիայի ակնկալած ոչ բոլոր պայմանագրերը ստորագրվեցին, բայց Մակրոնը Չինաստան արտահանումների դեֆիցիտը հաստատ կփակի, եթե… Սի Ցզինպինը այդ պայմանագրերով Ֆրանսիա արտահանումների ծավալն ու գինը չի բազմապատկել: Բրենդ է պետք ունենալ, բրենդ: Միայն անվանումները` Լուվր, Վերսալ, Օրսե, Վատիկան, Պրադո, Էրմիտաժ, արդեն խոսակցությունը սկսում են միլիոնների մակարդակից: Հայաստանի ազգային պատկերասրահը կարո՞ղ է իր մշակութային գանձերը վարձավճարով որևէ երկրի տրամադրել: Եթե նույնիսկ այո, անհամեմատ ցածր գնով, թեպետ ցուցադրվելու են նույն Այվազովսկին ու Ռուբենսը, գուցե նաև` Սարյանն ու Մինասը, Հակոբ Հակոբյանը: Մեծ մշակույթը մեծ փողեր է պահանջում, բայց նաև աշխատում է, եթե ձերբազատվում ես գավառամտությունից և ունակ ես գնահատել: Մշակույթի քաղաքականությունը նաև մշակույթով ազգային խնդիրներին համամարդկային լուծումներ գտնելն է: Հայ արվեստագետները համաշխարհային մեծություններին ոչնչով չեն զիջում, բայց ճանաչում չունեն, որովհետև մենք մտածում ենք փոքրիկ-թույլիկ երկրի մասշտաբներով ու թերարժեքության բարդույթ ունենք աշխարհի առաջ: Բացարձակապես անտեղի: Փորձեք Մատենադարանի մասնաճյուղ բացել եվրոպական որևէ երկրում, և արդյունք կունենաք: Արդեն վարձավճարով աշխատելու ու հայ մշակույթը գովազդելու: Մակրոնը կարողանում է` հարյուրամյակների պատմություն ունենալով թիկունքում, բայց մշակույթի մեջ մեր թիկունքն էլ բնավ բաց չէ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ